«Տաշիր» բարեգործական հիմնադրամն ամփոփել է 2017թ. գործունեության արդյունքները

11.01.2018
2017Թ. «ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ: ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՔԱՂԱՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ:

Առողջապահություն 

Անցած տարվա դեկտեմբեր ամսին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Ստեփանակերտի (ԼՂՀ) Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան Հանրապետական բժշկական կենտրոնին նվիրաբերել է ժամանակակից էնդոսկոպիկ սարքավորումներ: Նորագույն սարքավորումները թույլ կտան նախօրոք բացահայտել հիվանդությունները և որակյալ բուժօգնություն ցուցաբերել Հանրապետության բնակիչներին: Հանրապետական բժշկական կենտրոնը կառուցվել և համալրվել է 2013թ. սեպտեմբերին «Տաշիր» հիմնադրամի միջոցներով, որոնց ընդհանուր ծավալը կազմել է 22 մլն ԱՄՆ դոլար: Շուրջ 10 հազար քառակուսի մետր մակերես զբաղեցնող բուժհաստատությունը համալրված է նոր սերնդի առաջատար բուժախտորոշիչ, վիրաբուժական և վերականգնողական սարքավորումներով և լիովին սպասարկում է Հանրապետության ողջ բնակչությանը:

Ներկայումս աշխատանքներ են տարվում վիրավոր և հաշմանդամ զինծառայողների համար ժամանակակից վերականգնողական կենտրոն կառուցելու ուղղությամբ։ Այս նպատակով «Տաշիր» հիմնադրամը համաշխարհային առաջատար արտադրողներից ձեռք է բերել ժամանակակից վերականգնողական սարքավորումներ 1,3 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: 

2017թ. շարունակվել են Վանաձորում ծննդատան կառուցման և սարքավորումներով կահավորման աշխատանքները: Ծննդատունը կդառնա Հայաստանի խոշոր քաղաքներից մեկի գերժամանակակից բժշկական համալիրի մի մասը: Ծննդատան շինարարության համար «Տաշիր» հիմնադրամը հատկացրել է 5 մլն ԱՄՆ դոլար:

Կրթություն 

2017թ. Հայաստանում, մասնավորապես Իջևան, Սպիտակ և Ալավերդի քաղաքներում, շարունակվել է նոր մանկապարտեզների շինարարությունը: Ավելի վաղ կառուցվել և շահագործման են հանձնվել նախակրթարաններ Տաշիր և Ստեփանավան քաղաքներում: Նոր մանկապարտեզները կկարողանան լուծել երկրում ժամանակակից մանկական կրթական հաստատությունների պակասի խնդիրը, երեխաների համար կապահովեն հարմարավետ պայմաններ՝ Հայաստանում ժամանակակից որակյալ նախադպրոցական կրթություն ստանալու համար:

Տարիներ շարունակ «Տաշիր» Ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ աջակցություն է ցուցաբերվում «Լույս» համահայկական հիմնադրամին, որի նպատակն է հայ ուսանողներին կրթաթոշակներ տրամադրել աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար: «Տաշիր»-ը «Լույս» հիմնադրամի առաքելության ու արժեքների ջատագովն է, որի գլխավոր նպատակը Հայաստանի բարգավաճումն է: 2017թ. նշված ծրագրերի իրականացման համար «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հատկացրել է ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար: 

2017թ. հունիսի 5-ին Երևանում «Տաշիր» Ընկերությունների խումբը ֆրանսիական «Schneider Electric» ընկերության հետ համատեղ բացեց ժամանակակից գիտահետազոտական կենտրոններ, որոնք գործում են Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) բազայի վրա: Տեխնիկապես հագեցած կենտրոններն ուսանողներին հնարավորություն են տալիս մշակել նախագծեր էներգետիկայի և ավտոմատացման ոլորտներում, ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաներին և լավագույն փորձին, յուրացնել համաշխարհային գիտական մեթոդաբանությունները: Ապագա մասնագետները հնարավորություն կստանան գործնական պարապմունքներ անցկացնել «Schneider Electric» ընկերությունում և «Կասկադ» հոլդինգում (մտնում է «Տաշիր» ԸԽ կազմի մեջ)։ Վերջինս էներգետիկայի ոլորտի ռուսական առաջատար ընկերություն է, լուծումներէ մշակում էներգաարդյունավետության համալիր քաղաքային ենթակառուցվածքների համար:

Նույն թվականի հուլիսին հայտարարվել է ՀԱՊՀ-ի տեխնիկական մասնագիտությունների գծով բարձր առաջադիմությամբ ուսանողներին հատուկ կրթաթոշակ տրամադրելու մասին: 2016-2017 ուս. տարիների արդյունքներով բարձր ակադեմիական առաջադիմություն ունեցող ուսանողները «Տաշիր» հիմնադրամից ստացան 6000 ԱՄՆ դոլարին համարժեք կրթաթոշակ: Բացի այդ, լավագույն ուսանողները հետագայում հնարավորություն կստանան պրակտիկա անցնել «Տաշիր» ԸԽ-ին պատկանող էներգետիկայի ոլորտի հայաստանյան ձեռնարկություններում: 

Շինարարություն և բարեկարգում 

Նախորդ տարում «Տաշիր» բարեգործական հիմնադրամն իրականացրեց Հայաստանի քաղաքների բարեկարգմանը, պատմական ժառագություն հանդիսացող օբյեկտների պահպանմանն ու վերականգնմանն ուղղված մի շարք բարեգործական միջոցառումներ:

Այսպես՝ սեպտեմբերին բարեկարգվեց Տաշիր քաղաքի կենտրոնը: Նորացված տարածքը դարձավ նոր սիրված վայր քաղաքի բնակիչների հանդիպումների ու զբոսանքների համար:

Ավելի վաղ՝ 2017թ. հունիսին, հիմնադրամն ավարտեց Դադիվանքի վանական համալիրի ճարտարապետա-գեղարվեստական լուսավորության և դեպի վանքը տանող ավտոճանապարհի շինարարության աշխատանքները: Դադիվանքը եկեղեցական ճարտարապետության յուրահատուկ հուշարձան է հանդիսանում ողջ քրիստոնեական աշխարհի համար: Ծրագիրն իրականացրել է մասնագետների այն թիմը, որը կատարել էր նաև մշակութային ժառանգության հին հուշարձանի արտաքին լուսավորման աշխատանքները:

Ներկայումս ավարտին են մոտենում Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր «զարկերակում»՝ Մաշտոցի պողոտայում գտնվող կենտրոնական պուրակի բարեկարգման աշխատանքները: 

Սոցիալական ծրագրեր 

«Տաշիր» Ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը երկար տարիներ գլխավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուների ցանկը:

Նոյեմբերի 23-ին անցկացվեց հեռուստամարաթոնի հերթական փուլը, որը 2017թ. անցկացվում էր «Բերքառատ Արցախ» կարգախոսի ներքո: Սամվել Կարապետյանը նվիրաբերեց 2 մլն 250 հազար ԱՄՆ դոլար՝ աջակցելու Արցախում ոռոգման նոր համակարգի կառուցման և Հանրապետությունում արևային կայանի տեղադրման ծրագրերին:2017 թվականին, ինչպես և նախորդ տարի, շարունակվել են իրականացվել «Տաշիր» հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական քաղաքականությանն աջակցող նախաձեռնությունները, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախի Հանրապետություն) ծնելիության աճի խթանմանը: Հիմնադրամը 5 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում յուրաքանչյուր այն ընտանիքին, որտեղ ծնվում է չորրորդ երեխան:

2017թ. ապրիլին «Տաշիր» Ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանի անձնական նախաձեռնությամբ Գյումրու՝ 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով անտուն մնացած ութ ընտանիքներ ստացան ամբողջությամբ կահավորված բնակարաններ: Տասնյակ երեխաներ և ծերեր, որոնցից մի քանիսն իրենց կյանքի ավելի քան 28 տարին անցկացրել են մետաղական տնակներում, հնարավորություն ստացան ապրելու նորմալ պայմաններում՝ իրենց իսկ սեփական տանը:

Պատմական ժառանգության պահպանում 

«Տաշիր» հիմնադրամը, 2000 թվականին իր հիմնադրման օրվանից սկսած, հատուկ ուշադրություն է դարձնում մշակութային և հոգևոր ժառանգության օբյեկտների պահպանմանը, վերականգնմանը և վերակառուցմանը: Վերջին խոշոր նախագծերից է Երևանում Սուրբ Նահատակների նոր եկեղեցու կառուցումը: Շարունակվում են Էջմիածնի վանքում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հոգևոր պետ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրի վերակառուցման աշխատանքները:
Назад к списку новостей